COVID-19 ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ. Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ

Published on 
July 8, 2020

covid_testing.png

Ահա թե ինչի համար են բոլոր այդ հետազոտությունները՝ քթից վերցվող քսուքից սկսած մինչև արյան նմուշառում

Պատրաստել է Katie Sweeney-ն

Ո՞վ պետք է թեստավորվի COVID-19 առաջացնող նոր կորոնավիրուսի առկայության համար: Եվ ի՞նչ են փաստացի ցույց տալիս տարբեր տեսակի հետազոտությունները: Բժիշկ, Children’s Hospital Los Angeles հիվանդանոցի մանկական վարակաբան, բժշկ. գիտ. դոկտոր՝ Jeffrey Bender, MD-ը ներկայացնում է վերջին տեղեկությունները և բացատրում, թե ինչ պետք է իմանան ծնողները:

Ո՞վ պետք է թեստավորվի:

Children’s Hospital Los Angeles-ը այժմ COVID-19-ի պարբերական թեստեր է կատարում։ Հիվանդանոց ընդունված բոլոր երեխաները կամ նրանք, ովքեր որևէ բուժգործողություն են անցնում, թեստավորվում են։ Ախտանշաններ ունեցող երեխաները, վատառողջ պացիենտները կամ այն երեխաները, ովքեր տանը բնակվում են ռիսկային խմբին պատկանող անձանց հետ, նույնպես թեստավորվում են, եթե դա բժշկական տեսանկյունից անհրաժեշտ է համարում բուժող բժիշկը։

Թեստավորման պատճառներից մեկն այն է, որ այն «օգնում է պաշտպանել մեր անձնակազմին, հիվանդներին, նրանց ընտանիքներին և ապահովում , որ բուժօգնություն և խնամք ցուցաբերելու ժամանակ ճիշտ պաշտպանիչ հանդերձանք և միջոցներ կիրառվեն», - բացատրում է Dr. Bender-ը ։  

COVID-19 թեստերի տեսակներ

  • ՀՏ-ՊՇՌ թեստեր (RT-PCR assays)․
    Այդ թեստը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից նախընտրած թեստ է՝ պարզելու, թե արդյոք անձը ունի վիրուս: Հետազոտության ժամանակ կիրառվում է ծայրին բամբակե խծուծով երկար բարակ ձողիկ, որով նմուշառում է վերցվում քթուղու խորքից՝ այն հատվածից, որտեղ քթի խոռոչը միանում է կոկորդին: Լաբորատորիայում գենետիկական նյութի նմուշը հետազոտում են վիրուսի առկայությունը պարզելու համար: Այժմ առկա են բազմաթիվ հարթակներ՝ SARS-CoV-2 (COVID-19)-ը հայտնաբերելու համար։ 
  • Հակածինների/անտիգենների էքսպրես-թեստ.  
    Այս թեստը նման է գրիպի էքսպրես թեստին։ Խծուծի օգնությամբ նմուշառում է վերցվում կոկորդի կամ քթի խոռոչի առջևի հատվածից, նմուշառումը հետազոտում են վիրուսային սպիտակուցների առկայության համար, ընդ որում արդյունքները ստացվում են րոպեների ընթացքում:  
    Dr. Bender-ը զգուշացնում է. «Գրիպի արագ թեստերի խնդիրն այն է, որ դրանք դժվար է մեկնաբանել» ,- նշում է նա: «Նույն խնդիրը առկա է COVID-19 թեստի պարագայում: Children’s Hospital-ում չենք նախատեսում կիրառել հակածինների էքսպրես թեստեր»։ 
  • Հակամարմինների թեստավորում.  
    Այս թեստի ժամանակ հետազոտվում է արյունը՝ պարզելու, թե արդյոք անձը նախկինում ունեցել է վիրուս ։ (Այն չի կարող ցույց տալ տվյալ պահին օրգանիզմում առկա վիրուսը)։ Այդ թեստերը ստուգում են հակամարմինների՝ օրգանիզմում վիրուսի դեմ պայքարող հատուկ սպիտակուցների առկայությունը։ 

     «Այս թեստերը օգտակար են առողջապահության ոլորտի աշխատողների թեստավորման համար՝ ի պաշտպանություն հանրային առողջապահության ջանքերի» ,- նշում է Dr. Bender-ը:  

Թեստեր մեր հիվանդանոցում 

Children’s Hospital Los Angeles -ի լաբորատորիան օգտագործում է մի շարք ՀՏ-ՊՇՌ թեստեր, որոնք թույլատրել է Սննդի և դեղորայքի վարչությունը (FDA)՝ հրատապ իրավիճակներում օգտագործման համար (EUA)։ Կիրառվող հիմնական թեստերից մեկը CDC-EUA ՊՇՌ թեստն է։ «Բազմաթիվ լաբորատորիաներում դեռևս չկան այդ թեստերը կիրառելու տեխնոլոգիաներ», - ասում է Dr. Bender-ը: «Մեր լաբորատորիան շատ առաջադեմ է, և մենք առաջիններից էինք, ով գործածության մեջ դրեց այդ թեստերը: Սա վկայում է մեր կլինիկական լաբորատորիայի հիանալի աշխատանքի մասին»։ Արդյունքները սովորաբար պատրաստ են 24 ժամից պակաս ժամանակահատվածում։ 

Բացի այդ, CHLA լաբորատորիան մշակել է COVID-19 հակամարմինների հետազոտություն, որը կստուգի անցյալում ունեցած վիրուսների առկայությունը: Այն ներկայումս հասանելի է պատվիրման համար այն բժիշկների կողմից, ովքեր բժշկական տեսանկյունից այն անհրաժեշտ են համարում նախկինում ունեցած վարակի առկայությունը բացահայտելու համար։ 

Անվտանգության պահպանում

Ծնողներն ու խնամակալները պետք է հետևեն տեղական առողջապահական մարմինների ներկայացուցիչների՝ սոցիալական հեռավորության պահպանման և տանը մնալու ցուցումներին: Եվ նրանք պետք է շարունակեն հաճախակի լվանալ ձեռքերը և սովորեցնեն իրենց երեխաներին, ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը  և ինչպես ծածկել բերանը՝ հազալու ժամանակ:

«Այս հասարակ միջոցառումները կօգնեն երեխաներին ոչ միայն հիմա, այլ նաև գրիպի սեզոնային ապագա բռնկումների ժամանակ», -ասաց Dr. Bender-ը: «Նրանք կսովորեն կյանքի դասեր, որոնք կպաշտպանեն նրանց ամբողջ կյանքի ընթացքում»: