Ինչ պետք է իմանալ նոր տեսակի կորոնավիրուս (COVID-19) հիվանդության մասին

Published on 
March 31, 2020

CHLA-What-You-Should-Know-Covid-19-1200x628-02.png

Նոր կորոնավիրուսն ազդում է ողջ աշխարհի բնակչության, այդ թվում նաև՝ Կալիֆորնիայի բազմաթիվ ընտանիքների վրա, քանի որ վիրուսը շարունակում է ի հայտ գալ ավելի ու ավելի շատ համայնքներում: Children’s Hospital Los Angeles-ը ջանադրաբար աշխատում է մեր հիվանդներին, ընտանիքներին և անձնակազմի անդամներին պաշտպանելու ուղղությամբ: 

Մենք մեր մասնագետներին խնդրել ենք որոշ փաստեր ներկայացնել, որոնք կօգնեն պատասխանելու այն հիմնական հարցերին, որ ծնողները կարող են ունենալ: Ստորև բերված են տեղեկություններ այս վիրուսի մասին, ինչ է արվում դրա հետագա տարածումը կանխելու համար, և ինչպես կարող եք պաշտպանվել վարակի սպառնալիքից:

Ի՞նչ են կորոնավիրուսները: 

Կորոնավիրուսները վիրուսների մի մեծ խումբ են, որոնք կարող են վարակել թե՛ կենդանիներին և թե՛ մարդկանց՝ առաջացնելով շնչառական հիվանդություններ՝ սկսած այնպիսի մեղմ դրսևորումներից, ինչպիսին է սովորական մրսածությունը, մինչև ծանր ձևեր, օրինակ՝ թոքաբորբ: Հազվադեպ է պատահում, որ կենդանիների կորոնավիրուսները վարակեն մարդկանց, և այնուհետև տարածվեն նրանց շրջանում: Միգուցե հիշում եք 2002-2003 թվականների SARS (սուր ծանր շնչառական համախտանիշ) հիվանդությունը, որը նույնպես կորոնավիրուս էր, որը կենդանիներից անցել էր մարդկանց: Կորոնավիրուսի մեկ այլ հանրահայտ, վերջերս ի հայտ եկած շտամներից էր MERS-ը (Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ), որն առաջացավ 2012թ.-ին Մերձավոր Արևելքում և, ըստ գիտնականների, նախապես մարդուն էր անցել ուղտից։

Ես տեսել եմ թեստի արդյունք, որում նշված է «կորոնավիրուս»: Դրանից պե՞տք է անհանգստանամ։ 

Պարտադիր չէ։ Կորոնավիրուսի ախտորոշումների ճնշող մեծամասնությունը համարժեք է նրան, ինչ ձեզ ասեին, որ ունեք սովորական մրսածություն կամ գրիպ։ Նկատի ունեցեք, որ «կորոնավիրուս» տերմինը ներառում է վիրուսների մի ամբողջ ընտանիք: Կորոնավիրուսի թեստի դրական արդյունքը չպետք է խուճապի պատճառ դառնա։ Այս փաստը կարող է շատ շփոթեցնող լինել, ուստի համագործակցեք ձեր բժշկի կամ բուժող անձնակազմի հետ, եթե նկատել եք այդ բառը։

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը:

Մարդկանց միջև վիրուսը սովորաբար տարածվում է հազալու և փռշտալու միջոցով, վարակված անձի հետ անմիջական շփման կամ վարակված մակերեսին ձեռք տալու, այնուհետև բերանին, քթին կամ աչքերին դիպչելու միջոցով:

Ինչպե՞ս կարող են մարդիկ օգնել հիվանդության տարածումը կանխելուն: 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս հետևել հիգիենայի ճիշտ կանոններին, այդ թվում՝ հաճախ լվանալ ձեռքերը, լինել հիդրատացված, հազալ արմունկի անկյունում կամ անձեռոցիկի մեջ և մնալ տանը, եթե վատ եք զգում։ Բացի այդ, նույնիսկ եթե հիվանդ չեք, խորհուրդ ենք տալիս տանը մնալ, եթե խիստ անհրաժեշտ չէ դուրս գալը, և պահպանել սոցիալական հեռավորություն (այլ անձանցից առնվազն վեց ոտնաչափ հեռավորություն)։

Որո՞նք են նոր կորոնավիրուս հիվանդության (COVID-19) ախտանշանները։ 

CDC-ն հայտնում է նոր կորոնավիրուսի հետևյալ ախտանշանները՝ «ջերմություն և ստորին շնչառական ուղիների հիվանդության ախտանշաններ (օր․՝ հազ, շնչառության դժվարացում)»: Խուսափեք այն անձի հետ շփումից, ում մոտ կասկածվում է վիրուսի առկայություն։

COVID-19-ը բուժելի՞ է։ 

Հիվանդության պատվաստանյութ չկա, և քանի որ այն վիրուս է, հակաբիոտիկները արդյունավետ չեն։ Քանի որ չկա որևէ կոնկրետ բուժում, բուժաշխատողները հիմնականում բուժում են ախտանշանները և օգնում, որ հիվանդն իրեն ավելի լավ գզա։

CHLA-ը ստուգո՞ւմ է հիվանդներին ու այցելուներին։ 

Մեր բուժանձնակազմը հետևում է Լոս Անջելեսի վարչաշրջանի Հանրային առողջապահության դեպարտամենտի բոլոր վերջին ցուցումներին հիվանդների հետ իր բոլոր փոխշփումներում՝ այս նոր վիրուսի տարածումը կանխելու համար: Հիվանդանոցի բոլոր աշխատակիցներն ու այցելուները բանավոր կերպով ստուգվում են՝ հիվանդության ախտանշանների առկայությունը պարզելու համար: Բանավոր ստուգումը չանցած անձինք ենթարկվում են վիրուսի թեստավորման: Բացի այդ, CHLA-ի բոլոր հիվանդները, հիվանդանոց ընդունվելուց հետո, անցնում են վիրուսի թեստավորում։ Դա ներառում է նաև ապագայում բժշկական պրոցեդուրաներ ունեցող հիվանդների թեստավորումը։

Ի՞նչ նշանների դեպքում պետք է դիմել բժշկական օգնության: 

Եթե դուք կամ ձեր երեխան ունենաք ջերմություն, հազ կամ շնչառության դժվարություն, անմիջապես դիմեք բժշկի: Եթե կասկածում եք, որ ունեք COVID-19, ապա նախքան այցելելը՝ զանգահարեք բժշկին կամ շտապ օգնության բաժանմունք, որպեսզի բուժհաստատությունը կարողանա ապահովել, որ որևէ այլ անձի չվարակեք՝ վիրուսը ունենալու դեպքում։

Որտե՞ղ կարելի է գտնել ամենաթարմ տեղեկությունները: 

Իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի փոխվել, քանի դեռ նոր վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ու փաստեր են ի հայտ գալիս: Առավել արդիական տեղեկությունների համար այցելեք CDC-ի կայք՝  www.cdc.gov։