Ինչ անել և ինչ չանել դիմակներ կրելիս

Published on 
May 27, 2020

Mask Hero.png

Մի՛ կրեք փականով դիմակ: Այո, դուք պետք է ծածկեք ձեր քիթը: Ահա թե ինչու է ձեր ակնոցը գոլորշապատվում:

Հեղինակ՝ Katie Sweeney

Դիմակները կարևոր պարագաներ են COVID-19 պանդեմիայի ժամանակ ապահով մնալու համար։ Բայց ոչ բոլոր դիմակներն են նույնատեսակ պատրաստվում: Եվ եթե պատշաճ կերպով չեք կրում ու պահպանում ձեր դիմակը, այն չի պաշտպանի ձեզ կամ ձեր շուրջը գտնվող այլ մարդկանց:

Ուրեմն ո՞ր դիմակներն են օգնում, իսկ որո՞նք՝ ոչ: Եվ ինչպե՞ս ապահով կերպով կրել այն: Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (Children’s Hospital Los Angeles) Հավատարմագրման և լիցենզավորման, վարակների կանխարգելման և արտակարգ իրավիճակների կառավարման գծով տնօրեն, MPH (հանրային առողջության մագիստրոս), CIC, Մարիսա Գլուկոֆթը հետևյալ անհրաժեշտ տեղեկություններն է հաղորդում։

Ինչո՞ւ է դիմակը կարևոր:

Դիմակն օգնում է կանխել շնչառական կաթիլների ներթափանցումը օդի մեջ, երբ խոսում եք, շնչում, հազում կամ փռշտում: Դա կարևոր է, քանի որ մարդիկ կարող են նոր կորոնավիրուսի վարակը տարածել օրեր առաջ այն պահից, երբ իրենք կզգան, որ հիվանդ են: 

«Դիմակի հիմնական նպատակն է կանխել ձեր կողմից վիրուսի փոխանցումն այլ մարդկանց», - բացատրում է Գլուկոֆթը: «Ձեր դիմակն օգնում է պաշտպանել այլ մարդկանց: Այլ մարդկանց դիմակները պաշտպանում են ձեզ»։

Դիմակ ընտրելիս. ինչ անել և ինչ չանել

ՄԻ՛ կրեք փականով դիմակ:

Կենցաղային իրերի խանութներում վաճառվող N95 ռեսպիրատորները, ինչպես նաև դիզայներական որոշ դիմակներ, դիմային մասում փոքր պլաստիկ փական ունեն: Խնդիրն այն է, որ այդ փականը ֆիլտրում է միայն այն օդը, որը ներշնչում եք: Օդը, որն արտաշնչում եք ընդհանրապես արգելափակված չէ:

«Երբ փականով դիմակ եք կրում, ապա ձեզ շրջապատող մարդիկ պաշտպանված չեն, քանի որ փականը բաց է թողնում դուրս արտաշնչվող օդը», - ասում է Գլուկոֆթը: «Այդ տեսանկյունից, կարելի է ասել, որ դուք ընդհանրապես դիմակ չեք կրում»:

Փականով դիմակներ CHLA-ում կրել չի թույլատրվում: Եթե փականով դիմակով գաք CHLA, ապա ձեզ կտրվի մեկ այլ դիմակ: 

ՄԻ՛ գնեք բժշկական դիմակներ կամ ռեսպիրատորներ:

Վիրաբուժական դիմակների ու N95 բժշկական ռեսպիրատորների (առանց փականի) մատակարարումը սուղ է: Եթե արդեն ունեք այդպիսի դիմակներ, կարող եք դրանք կրել: Բայց խնդրում ենք էլ չգնել դրանք: Կարևոր է դրանք խնայել բուժաշխատողների համար, որոնք դրանց կարիքն ունեն` բարձր ռիսկային հիվանդներին խնամելիս  անվտանգությունը պահպանելու համար: 

ԿՐԵ՛Ք․

Կտորի դիմակ: Դա հիանալի տարբերակ է: Կտորի դիմակը սովորաբար ամրացվում է էլաստիկ օղակների միջոցով՝ հագցնելով դրանք ականջներին, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հագնել և հանել դիմակը: Այն պետք է ունենա գործվածքի մի քանի շերտեր: Կտորի դիմակները կարող եք գնել կամ ինքնուրույն պատրաստել: 

Բանդանա, շապիկ կամ շարֆ: Այս տեսակի դիմակը լավ է, չնայած այն կարող է այնքան լավ չհամապատասխանել ձեր դեմքի չափին, որքան կտորի դիմակը: 

Վզին անցկացվող շարֆ-խողովակ: Վզին անցկացվող շարֆը, որը նաև կոչվում է շարֆ-խողովակ, էլաստիկ կտորից է, և այն հաճախ օգտագործվում է դեմքն ու պարանոցը ցուրտ եղանակին տաք պահելու համար: Բայց այն նաև կարող է լավ դիմակ լինել, չնայած կարող է ոչ այնքան հարմար լինել տաք եղանակային պայմաններում: 

Դիմակ կրելու և պահպանելու խորհուրդներ

  • Ծածկեք ձեր բերանը և քիթը: Թե՛ բերանով, և թե՛ քթով կարող եք շնչելիս կաթիլներ տարածել: «Եթե դիմակը բավականաչափ մեծ չէ քիթն ու բերանը ծածկելու համար, ապա դա լավ ընտրություն չէ», - ասում է Գլուկոֆթը:
  • Համոզվեք, որ այն ճիշտ համապատասխան է: Ձեր դիմակը պետք է հարմար լինի և չսահմանափակի ձեր շնչառությունը: Այնուամենայնիվ, այն պետք է կիպ գրկի դեմքը, հատկապես ՝ այտերի և քթարմատի շուրջ:

Խորհուրդ. եթե ակնոցը գոլորշապատվում է դիմակ կրելիս, ապա ձեր դիմակը համապատասխան չափի չէ: Չափազանց շատ օդ է դուրս մղվում:

  • Մի՛ տեղաշարժեք ձեր դիմակը: «Ես տեսնում եմ, որ մարդիկ իրենց դիմակներին շատ են ձեռք տալիս», - նշում է նա: «Վերաբերեք դիմակին այնպես, կարծես թե այն կեղտոտ է: Եթե ստիպված եք տեղաշարժել դիմակը, ապա նախ լվացեք ձեր ձեռքերը»։
  • Դիմակը դնելուց առաջ լվացեք ձեր ձեռքերը: Դիմակը հանելուց հետո նույնպես պետք է լվանաք ձեր ձեռքերը: Դիմակը հանեք՝ ականջներին հագցվող օղակներից բռնելով: Մի՛ դիպչեք դիմակի առջևի մասին, որը, ամենայն հավանականությամբ, մանրէներ է պարունակում: 
  • Հաճախ լվացեք ձեր դիմակը: Լավ է ունենալ մի քանի դիմակ, որպեսզի միշտ առկա լինի մաքուրը: Կտորի դիմակները լվացքի մեքենայի մեջ լվացեք, ինչպես լվանում եք ձեր հագուստը: Ցանկացած լվացքի օճառ կարելի է օգտագործել:
  • Ձեզ հետ վերցրեք այն: Առանց դիմակի դուրս մի եկեք տնից: Մեքենայի մեջ մաքուր դիմակ պահեք: 
  • Խոսելու համար դիմակը մի իջեցրեք ներքև: Երբեմն մարդիկ լավ չեն լսում ձեզ, երբ դիմակով եք խոսում: Սակայն խոսելու համար դիմակը հանելը խափանում է նպատակը: Եթե ինչ-որ մեկի հետ եք խոսում և գտնվում եք այդ մարդուց մինչև 6 ոտնաչափ հեռավորության վրա, ապա դիմակ դրեք:
  • Մի՛ մոռացեք երեխաների մասին: Ավելի փոքր դիմակներ փնտրեք, որոնք կհամապատասխանեն ձեր երեխայի դեմքին: Նշում՝ N95 դիմակները նախատեսված չեն երեխաների համար, իսկ մինչև 2 տարեկան երեխաներն ու նորածինները չպետք է դիմակ կրեն: Դա կարող է դժվարացնել նրանց շնչառությունը:

Երբ կրել դիմակ

Ամեն քաղաքում դիմակ կրելու տարբեր կանոններ են գործում: Օրինակ՝ Լոս Անջելես քաղաքում պահանջվում է, որ բոլորը (բացառությամբ փոքր երեխաների և որոշակի հաշմանդամություն ունեցող անձանց) ծածկեն իրենց դեմքը տնից դուրս գալու դեպքում: Ստուգեք, թե ինչ կանոններ են գործում ձեր քաղաքում: 

Մի՛ մոռացեք ֆիզիկական հեռավորություն պահպանելու մասին

Դիմակ կրելը շատ արդյունավետ է, երբ այն զուգակցվում է անվտանգության այլ միջոցառումների հետ: Շարունակեք պահպանել ուրիշներից առնվազն 6 ոտնաչափ հեռավորություն, հաճախ լվացեք ձեր ձեռքերը և ախտահանեք հաճախ օգտագործվող մակերեսները: Այս պարզ քայլերը կարող են մեծ նշանակություն ունենալ՝ ձեր, ձեր ընտանիքի և ձեր շրջապատում գտնվող բոլոր մարդկանց անվտանգությունը պահպանելու համար:

Դիմակների և դրանք պատրաստելու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ (CDC)