Այն, ինչ պետք է իմանաք COVID-19-ի մասին

Published on 
July 29, 2022
CHLA-What-You-Should-Know-Covid-19-1024x683.png

Children’s Hospital Los Angeles հիվանդանոցը գործադրում է ամեն ջանք՝ մեր պացիենտներին, ընտանիքներին և անձնակազմի անդամներին COVID-19-ից պաշտպանելու համար: Մեր փորձագետները մեր խնդրանքով փաստեր ներկայացրեցին, որոնք կօգնեն պատասխանել ծնողների ամենակարևոր հարցերին: Ստորև բերված են տեղեկություններ այս վիրուսի մասին, թե ինչ է արվում նրա հետագա տարածումը կանխելու համար, և ինչպես կարող եք պաշտպանվել վարակի սպառնալիքից:

Որո՞նք են COVID-19-ի ախտանշանները։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) նշում են, որ COVID-19-ի ախտանշաններից են.

  • Ջերմություն կամ դող
  • Հազ
  • Շնչարգելություն կամ դժվարացած շնչառություն
  • Հոգնածություն
  • Մկանների կամ մարմնի ցավեր
  • Գլխացավ
  • Համի կամ հոտի զգացողության կորուստ
  • Կոկորդի ցավ
  • Խցանվածություն կամ քթից արտադրություն
  • Սրտխառնոց կամ փսխում
  • Լուծ

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը

Վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, երբ SARS CoV-2-ով վարակված անձը տարածում է օդակաթիլներ և մասնիկներ արտաշնչելիս, խոսելիս, երգելիս, հազալիս կամ փռշտալիս: Ավելի հազվադեպ COVID-19-ը կարող է տարածվել վարակված մակերեսին դիպչելով, այնուհետև բերանի, քթի կամ աչքերի միջոցով, սակայն դա չի համարվում հիվանդության տարածման հիմնական եղանակը:

Ինչպե՞ս կարող են մարդիկ կանխել հիվանդության տարածումը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) խորհուրդ են տալիս.

  • Եթե իրավասու եք, ստացե՛ք ամբողջական պատվաստում, ներառյալ խթանիչ-պատվաստում:
  • Կրե՛ք դիմակ, երբ այդ հանձնարարականը կա: Ներկայումս, եթե դուք ապրում եք COVID-19-ի փոխանցման բարձր մակարդակ ունեցող տարածքում, ապա կրե՛ք դիմակ հանրային փակ տարածքներում, անգամ եթե պատվաստված եք: Կրե՛ք դիմակ, երբ հաճախում եք այնպիսի մեգամիջոցառումների, ինչպիսիք են օրինակ մարդաշատ համերգները:
  • Պահպանե՛ք ֆիզիկական հեռավորություն (առնվազն վեց ոտնաչափի հեռավորություն այլ մարդկանցից):
  • Խուսափե՛ք մարդկանց կուտակումներից և վատ օդափոխվող տարածքներից:
  • Հաճախ լվացեք ձեր ձեռքերը կամ ախտահանեք դրանք ալկոգելով:
  • Հազալիս և փռշտալիս փակե՛ք քիթը կամ բերանը արմունկով:
  • Մաքրե՛ք և ախտահանե՛ք այն մակերեսները, որոնց մեծ թվով մարդիկ են դիպչում:
  • Ամեն օր հետևեք ձեր ինքնազգացողությանը: Եթե ունեք COVID-19-ի որևէ ախտանշաններ, մնացե՛ք տանը՝ բացառություն անելով միայն վիրուսի ստուգում անցնելու համար:

COVID-19-ը բուժելի՞ է

Լավագույն բուժումը կանխարգելումն է, ուստի պատվաստվե՛ք հիմնական և խթանիչ դեղաչափերով, եթե ունեք այդ իրավունքը: 5 տարեկան և բարձր տարիքի բոլոր անձինք կարող են պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալուց հինգ ամիս անց ստանալ խթանիչ պատվաստում: Մշակվել են հիվանդության բուժման մի քանի մեթոդներ, թեև դրանց արդյունավետությունն ու հասանելիությունը կարող են տարբեր լինել: Երկարատև բարդություններ կարող են առաջանալ COVID-19 վարակի հետևանքով, չնայած ենթադրվում է, որ պատվաստանյութերը նվազեցնում են երկարատև առողջական խնդիրների առաջացման վտանգը:

Ո՞վ է իրավասու պատվաստանյութ ստանալու համար:

6 ամսականից բարձր երեխաներն այժմ կարող են ստանալ Moderna պատվաստանյութը 2 դեղաչափով, կամ Pfizer-BioNTech պատվաստանյութը՝ 3 դեղաչափով: Այդ երկու պատվաստանյութերը մի փոքր տարբերվում են տարիքային միջակայքի առումով: 5 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք կարող է ընդունել Pfizer-BioNTech խթանիչի պատվաստումը իրենց հիմնական COVID-19 պատվաստումների շարքն ավարտելուց առնվազն 5 ամիս հետո: Երեխաների և COVID-19 պատվաստանյութի վերաբերյալ հարցերի պատասխանները կգտնեք այստեղ:

Կարո՞ղ է արդյոք իմ երեխան պատվաստվել CHLA-ում:

Այո՛: Այցելե՛ք Myturn.ca.gov՝ այցի համար գրանցվելու համար: Մեզ գտնելու համար օգտագործեք մեր ZIP կոդը (փոստային դասիչը)՝ 90027:

Ի՞նչ նշանների դեպքում պետք է դիմել բժշկական օգնության:

Անմիջապես դիմեք շտապ բժշկական օգնության, եթե ձեզ կամ ձեր երեխայի մոտ առաջացել են.

  • Դժվարացած շնչառություն
  • Կրծքավանդակի չդադարող ցավ կամ սեղմում
  • Հանկարծակի շփոթություն
  • Արթնանալու կամ արթուն մնալու անկարողություն
  • Գունատ, մոխրագույն կամ կապտավուն մաշկ, շրթունքներ կամ եղունգների մակերևույթ՝ կախված մաշկի երանգից:

Եթե կասկածում եք, որ դա COVID-19 վարակ է, ապա զանգահարե՛ք բժշկին կամ շտապ օգնության բաժանմունք և տեղեկացրե՛ք, երբ եք ժամանելու, որպեսզի բուժհաստատությունը կարողանա ապահովել, որ որևէ այլ անձի չվարակեք՝ վիրուսը ունենալու դեպքում։

Արդյո՞ք պետք է դիմակ հագցնեմ իմ փոքրիկին

Ո՛չ, պետք չէ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, Կալիֆոռնիայի և Լոս Անջելեսի վարչաշրջանի՝ անհրաժեշտության դեպքում դիմակ կրելու մասին հանձնարարականը չի տարածվում մինչև 2 տարեկան երեխաների վրա: Ինչպես բացատրում է Children’s Hospital Los Angeles հիվանդանոցի վարակաբան, բժիշկ Michael Smit-ը, հիմնական պատճառն այն է, որ փոքր երեխայի մոտ դիմակը կարող է դժվարացնել շնչառությունը: Քանի որ նորածինները/փոքր երեխաները չեն կարող հայտնել իրենց անհանգստության պատճառի մասին կամ ինքնուրույն հանել դիմակը, դա կարող է առաջացնել շնչահեղձության վտանգ:

«Նրանք պարզապես չեն կարողանա հաղորդել, եթե շնչառության խնդիրներ ունենան», - ասում է CHLA-ի վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման բաժնի գլխավոր բժիշկ դոկտոր Smit-ը: «Մի՛ կարծեք, որ մանկիկին կտորե դիմակ հագցնելով կօգնեք նրան. դա կարող է երեխայի մոտ շնչահեղձության վտանգ հանդիսանալ»։ Դիմակների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Որտե՞ղ կարելի է գտնել ամենաթարմ տեղեկությունները

Իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կարող է փոխվել, քանի դեռ նոր վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ու փաստեր են ի հայտ գալիս: Առավել արդիական տեղեկությունների համար այցելեք CDC-ի կայք՝ www.cdc.gov։

 

Սեղմե՛ք այստեղ՝ Children’s Hospital Los Angeles պացիենտների, ծնողների և այցելունելի համար COVID-19-ի մասին տեղեկություններին ծանոթանալու համար:


Այս թեմային առնչվող նյութեր.